Տեսողական հիվանդություններ

Տեսողության տարածված խանգարումներ են կարճատեսությունը և հեռատեսությունը, որոնք լինում են բնածին և ձեռքբերովի։ Բնածին կարճատես մարդկանց ակնագունդը երկարացած է, և աչքից հեռու գտնվող առարկաների պատկերներն առաջանում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևի մասում։ Ձեռքբերովի կարճատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության մեծացման հետևանքով։ Այն կարող է առաջանալ ոչ ճիշտ նյութափոխանակության, աչքի հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում։ Կարճատես մարդկանց հեռու գտնվող առարկաների ուրվագծերն աղոտ են թվում։ Երկգոգավոր ոսպնյակներով ակնոցները փոքրացնում են լույսի ճառագայթների բեկումը, և առարկայի պատկերը տեղափոխվում է ցանցաթաղանթի վրա։

Բնածին հեռատեսության դեպքում ակնագունդը կարճացած է, որի պատճառով մոտ գտնվող առարկաների հստակ պատկերներն առաջանում են ցանցաթաղանթի հետևում։ Ձեռքբերովի հեռատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության փոքրացման հետևանքով։ Երկուռուցիկ ոսպնյակներով ակնոցները մեծացնում են ճառագայթների բեկումը և օգնում են մոտ գտնվող առարկաների պատկերը ցանցաթաղանթի վրա առաջանալուն։

Տեսողության վրա վնասակար ներգործություն ունեն A վիտամինի պակասը, ոգելից խմիչքները, թմրանյութերը, ծխելը, հատկապես պատանեկան հասակում։ Ծխախոտի նիկոտինը և մյուս թույներն առաջացնում են տեսողական նյարդի վնասվածք։

Տեսողական հիվանդություններ

Կարող է լինել աչքի կամ դրա մասերի թերզարգացում, որը ժառանգական բնույթի է կամ առաջանում է պտղի վրա տարբեր վնասակար գործոնների, առավել հաճախ հղիության ժամանակ մոր կրած հիվանդության ազդեցությունից։ Աչքի արտաքին մասերը մատչելի են մանրէների, ինչպես նաև ֆիզիկական ու քիմիական գործոնների ազդեցությանը, որից կարող են ախտահարվել կոպեզրերը (կոպաբորբ), լորձաթաղանթը (շաղկապենաբորբ), եղջերաթաղանթը (եղջերենաբորբ)։ Հարկավոր է հաշվի առնել, որ բակտերիաներից և վիրուսներից առաջացած շաղկապենաբորբը հաճախ վարակիչ է։ Երբեմն բորբոքումը տարածվում է դեմքի՝ աչքին հարակից հատվածների վրա։ Հազվադեպ ախտահարվում են ակնագնդի պատյանները (անոթաթաղանթաբորբ, ծիածանաթաղանթի և թարթիչային մարմնի բորբոքում, ցանցաթաղանթաբորբ)։ Տարիքային փոփոխությունները և ընդհանուր հիվանդությունները երբեմն առաջացնում են ոսպնյակի մթագնում։ Աչքում հեղուկի շրջանառության բնականոն գործընթացի խանգարման դեպքում կարոդ է բարձրանալ ներակնային ճնշումը և գլաուկոմայի պատճառ դառնալ։ Հաճախ աչքի ախտահարումը պայմանավորված է ներքին օրգանների հիվանդություններով և դրսևորվում է որպես վերջիններիս ախտանշան։ Աչքի փոփոխություններ կարող Են նկատվել նաև կենտրոնական և ծայրամասային նյարդային, սիրտանոթային համակարգերի հիվանդությունների, թունավորումների, նյութափոխանակության խանգարումների, ներզատիչ գեղձերի ախտահարումների, աչքի հարակից մասերի (դեմքի և գլխի մաշկածածկույթների և ոսկրերի, քթի հավելյալ ծոցերի) հիվանդագին գործընթացների դեպքերում։

 

Leave a comment