Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։