Պատերազմ, զինվորներ, հազարավոր հույզեր, սառնություն և անտարբերություն, կյանքեր ու մահեր և մարդիկ: Այս ստեղծագործությունը առաջին համաշխարհային պատերազմի մասին է՝ մասնավորապես գերմանացի զինվորների: Այս ստեղծագործության գլխավոր հերոսը ողջ պատերազմի ընթացքում բազում արկածներ ունեցավ ընկերների հետ, բազում դժվարությունների միջով անցավ, կռվեց, մահին դեմ դիմաց կանգնեց, գնաց տուն, վերադարձավ մարտ, վիրավորվեց և շատ այլ դեպքեր տեղի ունեցան: Այո, այս պատմությունը իրական է և պատմում է մի քանի տղաների մասին, որոնք տարվեցին պատերազմի՝ դեռ դպրոցը չավարտած: Պատերազմի գնալիս յոթ դասընկերներով էին, իսկ ավարտին միայն մեկն էր ողջ: Դաժան պատկեր է, բայց արդյունքին կարող ենք մի թեթև ավելի սառնորեն նայել, սակայն ընթացքին ուղղակի հնարավոր չէ: Այս ստեղծագործությունը քեզ դարձնում է պատերազմի անմիջական մասնակից: Այն այնպես է գրված, որ կարդալիս կարծես այդ ամենը տեսնում ես քո աչքերով՝ հատկապես դաժան տեսարանները, բայց ոչ միշտ: Պատերազմի ընթացքում այդ դասընկերները, անցան ամեն ինչի միջով՝ մի քանի հոգով ցեխի մեջ մեռած ձևացան, օրերով հաց չկերան, արկերի կրակոցների տակ եղան, իրար վերքեր մշակեցին և կապեցին, իրար հետ միասին մի խրամատում օրերով և շաբաթներով փոշու և կեղտի մեջ մնացին և ի վերջո մեկը մյուսի մահը տեսան: Նրանք մեկը մյուսին ճանապարհեցին արձակուրդ, մի անգամ էլ՝ երկու հոգով գիշերը սագեր գողացան, եփեցին և կերան: Գիտեք, ես հիմա չեմ կարող այդ ամենը նկարագրել՝ այնպես ինչպես գրքում  էր նկարագրված, սակայն փորձում եմ տալ ընդհանուր պատկերացում գործողությունների մասին: Հրաշալի էին նկարագրված զինվորի և նրա մոր, հոր և քրոջ հույզերը, երբ զինվորը տուն վերադարձավ, ես այդ նկարագրությունները և պատկերացնումներս կարդալիս կհիշեմ ողջ կյանքիս ընթացքում: Արձակուրդից հետո, առաջնագիծ գնալիս զինվորը հասկացավ, որ արձակուրդը շատ ծանր բան էր: Գիտեք դա ինչ էր նման՝ կարծես ռոբոտը դառնա մարդ և հետո ստիպված լինի կրկին դառնալ ռոբոտ և ուղղակի աջ և ձախ սպանել: ՈՒ մի բան էլ: Այդ զինվորները հայրենիք ասելով հասկանում էին՝ իրենց տունը, այգին կամ թաղամասը՝ այլ ոչ թե հակառակորդի այս կամ այն խրամատը: Եվ իհարկե վերջում ցանկանում եմ մի միտք քննարկման ենթարկել: Մի անգամ գլխավոր հերոսը՝ գրքի և պատերազմի ասաց. ՙՙՄենք դեռ դպրոցը չէինք ավարտել, լի էինք հույսերով, հավատով դեպի կյանքը, սիրում էինք մեր կենցաղը և հավատում ապագային, իսկ հիմա մենք հավատում ենք միայն պատերազմին՚՚: Հասկանում եք, որքան խորն են այս խոսքերը: Հավատալ պատերազմին ինչ է նշանակում: Գուցե նշանակում է, որ նրանք գիտակցել են, որ իրական կյանքը՝ ոչ թե կենցաղն է, այլ պատերազմը՝ կյանքի և մահվան պայքարը: