Շատ հաճախ մարդիկ իրենց տանը նստած կեսգիշերին հեռուստացույց նայելիս են լինում: Եվ գիտեք, իրականում կարևոր չէ, թե ինչ են նայում՝ ֆուտբոլ, բասկետբոլ, սերիալ, թե ֆիլմ, կարևորն այն է, որ ուղիղ կեսգիշերին բոլոր ալիքներով հնչում է ՀՀ ազգային օրհներգը: Ֆուտբոլի դաշտում հայ երկրպագուն կանգնում և երգում է ՀՀ ազգային օրհներգը, օլիմպիական խաղերի ժամանակ մեր մարզիկը մեր օրհներգի ժամանակ կանգնած է, իսկ հայ երկրպագուները կանգնած են լսում, և վերջիվերջո քաղաքական և միջազգային մակարդակի հանդիպումների ժամանակ հայ պաշտոնյաները և նույնիսկ մյուս ազգի պաշտոնյաները լսում են ՀՀ ազգային օրհներգը ոտքի կանգնած: Կեսգիշերին հեռուստացույց նայող հայն ուղղակի անջատում է ձայնը կամ հեռուստացույցը մինչև իր սերիալի շարունակությունը: Լավ ես չեմ, դուք եք, ասե´ք, արդյո՞ք սա աբսուրդի գագաթնակետը չէ: Այո, բազմաթիվ հայերի ավելի շատ հուզում է, թե արդյոք Խուանը ստացավ իր ժառանգությունը, թե ոչ, քան թե իրենց ազգային օրհներգի բառերի կեսից շատը չիմանալը, իսկ ավելի կոնկրետ միայն ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ բառակապակցությունը իմանալը: ԱՄՆ-ն պետություն է, բայց ամերիկացի ազգ գոյություն չունի, բայց ԱՄՆ նախագահը հայտարարում է, թե որքան հպարտորեն են ամերիկացիները կանգնում, երբ հնչում է ԱՄՆ ազգային օրհներգը: Եվ եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն` ազգային օրհներգն է հայի և ազգի էությունը, որին պետք է կանգնած դիմավորել, այլ ոչ թե Խուանին և իր պապիկի ռանչոն: Ես հուսով եմ, որ բանականությունը միշտ հաղթում է:

 

 

Ձեզ կպատմեմ մի պատմություն, որի ժամանակ ատելությունը ստացավ սեր անունը:

Հեռու հեռավոր անտառներից մեկում գայլերը մի պետություն ունեին՝ անունը Գայլաստան: Եվ այսպես, Գալյաստանում տասը տարի է արդեն իշխում էր մի գայլ, որը մեղմ ասած այդքան էլ լավը չէր: 10 իշխանության տարիների ավարտից հետո նա դեմ գնաց գայլերի ավանդույթներին և ցանկացավ կրկին լինել իշխանություն, սակայն մյուս գայլերի ընդվզումը չուշացավ: Գայլերը մեծ բողոքի ալիք բարձրացրին, իսկ հետո նաև սկսեցին մատակարարվող մսի ճանապարհը փակել: Եվ այդպես նրանք փորձում էին հաջողության հասնել: ՈՒ մի օր, ընդվզած գայլերի առաջնորդը հայտարարում է, որ այս ընդվզումները պատկանում են սիրոն և համերաշխությանը: Մի քանի օր հետո վերջապես, ընդվզած գայլերը հասան իրենց նպատակին և վերցրեցին իշխանությունը: Գայլաստանի առաջնորդը դարձավ ընդվզած գայլերի առաջնորդը, իսկ հետո դեռ մի քանի տարի խոսվում էր նախկին առաջնորդի մասին՝ աննախադեպ մեծ ատելությամբ: Իսկ, թե ինչ եղավ Գայլաստանի հետ կպատմեմ հետո: Բայց եկեք հասկանանք մի բան: Արդյոք այս ընդվզած գայլերը իրոք սիրում էին իրենց ընդվզման առաջնորդին, թե ուղղակի ատում էին նախկինին: Պատասխանը պարզ է՝ իհարկե ատելով ատում էին նախկինին: Եվ այդ ընդվզումների ժամանակ գայլերի առաջնորդը հայտարարեց, որ սրանք սիրո և համերաշխության ընդվզումներ են՝ այնինչ այդ ընդվզումները ատելության մարմնացումն էին՝ դեպի իրենց նախկին առաջնորդ: Եվ այդ փոփոխության օրերին՝ ատելությունը դարձավ սեր: Ես հուսով եմ, որ բանականությունը միշտ հաղթում է:

 

 

Գորգ: Վարդավառ է: Լվանում ենք գորգերը ողջ ժողովրդով՝ Ազգային ժողովում:  Ժողընտիր պատգամավորները լվանում են գորգերը ԱԺ-ի բակում: Չէ իրոք սա իրականություն է. զարմանալու կամ ծիծաղելու կարիք չկա, ա՜յ բայց լացել կարող եք: Մի քիչ դժվար է պատկերացնել մի սենատորի, որը կլվանա գորգեր Սենատում կամ Սպիտակ տանը: Կամ գուցե մեր պատգամավորները գորգեր լվանալու ընթացքում հետազոտում էին նրանց զարդանախշերը ՝ մշակութային զարգացման մասին օրենք ստեղծելու նպատակով: Կամ գուցե աշխատում են, որպեսզի իրենց կենսագրությունը կարողանան գոնե ինչ-որ բանով լրացնել: Եվ նույնիսկ կարելի է նրանց հարցել, թե ինչու էին գորգեր լվանում: Գուցե ասեն, որ իրենք էլ են պայծառակերպվում: Երկրի օրենք կազմողները և ստեղծողները լվանում են գորգերը, իսկ մեր երկրում դեռ կան բազմաթիվ չնդունված պետքական և ընդունված անպետքական օրենքներ: Ես հուսով եմ, որ բանականությունը միշտ հաղթում է:

 

 

ՈՒշադրություն: Այս պատմությունը իրական չէ և վերցված չէ որևէ տեղից:

Եվ այսպես, մի օր մի մարդ, ով արդեն կարելի է ասել ծեր էր, անցնում էր փողոցով: Փողոցը անցավ և մի խումբ ցուցարարներ հավաքված բղավում էին: Այս մարդը դա նորմալ համարեց և շարունակեց քայլել: Մի երկու մետր հեռովորության վրա նա տեսավ երկու ցուցարարի, ովքեր կանգնած էին իրար կողք և պարզ լսելի ձայնով հայհոյում էին՝ այն մարդուն ում դեմ պայքարում էին: Այս մարդը՝ ծեր մարդը թեքվեց դեպի հայհոյող ցուցարարները և ասաց. <<Պայքարը կոռեկտ է, բայց հայհոյանքը, դա արդեն ոչ կոռեկտ է և անքաղաքավարի>>:  Եվ այս հայհոյող ցուցարարները՝ այդ ծեր մարդուն ասացին, որ դա իր գործը չէ և կարող է ուղղակի շարժվել առաջ, իսկ այս ծեր մարդը պատասխանեց չոր և կտրուկ, բայց միառժամանակ մտածելով բարին, <<մի աղտոտեք ձեր խոսքը>>: Այ թե ինչ եղավ հետո ուղղակի աբսուրդ է, ես ասեմ, իսկ դուք ապշեք: Ցուցարարները պատասխանեցին, և ասացին ծեր մարդուն, որ նա սահմանափակում է իրենց ազատ խոսքի իրավունքը: Եվ սկսեցին բղավել. ՙՙպահանջում ենք ազատ խոսքի իրավունք՚՚: Այս մարդը ուղղակի զարմացավ, թողեց հեռացավ իր ճամփով, բայց մտածում էր: Իսկ ես կասեմ ձեզ, թե նա ինչ էր մտածում: Հայհոյանքը կենդանական ձայնին հավասար մի բան է: Աստված լեզու և խոսելու ունակություն է տվել բանկանություն ունեցողին՝ բանականության արարածին, իսկ հայհոյանքը բանականության հետ որևէ կապ չունի: Աստված տվել է խոսքը, որպեսզի մարդիկ սեր արտահայտեն միմյանց: Իսկ արդյոք մենք մեր խոսելու ունակությունը օգտագործում ենք միմյանց ավելի շատ սիրելու համար: Եվ ես հուսով եմ, որ բանականությունը միշտ հաղթում է:

 

Advertisements