Կարսի պայմանագիրը 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությանմասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։

Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում։

Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։

Advertisements