Թագավորն ուներ մի ալարկոտ որդի: Նա սիրում էր միայն գինի խմել և զվարճանալ: Ամեն գիշեր նրան մի կերպ էին տուն բերում, որովհետև շատ հարբած էր լինում: Մի անգամ թագավորի նախարարներից մեկը խնջույք է կազմակերպում և արքայազնին կանչում այդ խնջույքին: Արքայազնը այնքան էր խմել, որ նրան մի կերպ տարան իր անկողին: Գիշերվա մի ժամի տղան արթնացավ, տանից դուրս եկավ, ընկավ աղբանոց ու այդպես էլ ուշքի չգալով՝ մահացավ: Թագավորը շատ վշտացած էր և իր հպատակներին հրամայեց կտրել և արմատախիլ անել բոլոր խաղողի տունկերը, ոչնչացրեց գինու կարասները և արգելեց գինի խմելը իր երկրում: Երկրի մի ծայրամասում ապրում էր մի այրի կին, ով իր որդուն ամեն առավոտ և գիշեր մեկական բաժակ գինի էր տալիս: Մի գիշեր այդ տղան հանդիպեց առյուծի և սպանեց առյուծին: Պարզվում է, որ այդ առյուծը թագավորինն էր, և այդ գիշեր փախել էր պալատից: Թագավորը ասաց.

  • Ասեք, թե ով է սպանել առյուծին, և ես կներեմ նրան:

Այրի կինն ու նրա որդին գնացին թագավորի մոտ և պատմեցին ամեն ինչ: Թագավորը հարցրեց այրի կնոջը.

  • Ո՜վ բարի կին, ինչո՞վ ես սնել քաջ զավակիդ:

Այրին պատասխանեց.

  • Գինով, այն գինով, որը արգելել ես:

Այդ կինը նաև պատմեց, որ գինով լի կարաս ունի պահած իր նկուղում: Թագավորն սկսեց մտածել և հրամայեց խաղող աճեցնել, խաղող տնկել և գինի պատրաստել:

_Գինի խմելուց այնպես խմեք, որ առյուծ սպանեք, այլ ոչ թե աղբանոցում մեռնեք:

 

Հիմնավորում

Այս առակը ցանկանում էր ասել, որ ամեն ինչն էլ ունի իր լավ և վատ կողմերը: Հարցը նրանումն է, թե մարդիկ ինչպես են օգտագործում իրենց հնարավորությունը՝ լավ կողմով, թե վատ:

Advertisements